«Լավ չէ, որ մարդը միայնակ լինի, նրա նմանությամբ մի օգնական ստեղծենք նրան հարմար»: Տեր Աստուած Ադամից վերցրած կողոսկրից կին արարեց և նրան բերեց Ադամի մոտ» (Ծննդոց 2:20, 22)։
Ընտանիքը Աստծո արարչագործություն է, Նրա կամքը բարի է` աճեցեք, բազմացեք: Բոլոր ժամանակներում անգնահատելի ու անփոխարինելի է եղել և մնում ընտանիքի դերը հասարակության, պետության համար. կայուն, ամուր երջանիկ ընտանիքը կարևոր հենասյուներից է: Երուխանի խոսքերով` ընտանիքը պետության ջերմաչափն է, երեխան` սնդիկը: Բայց հաճախ «ջերմաչափը» վնասվում է. ընտանիքները երկփեղկվում են, ընտանիքի անդամները ամենատարբեր պատճառների ու հանգամանքների բերումով հայտնվում են լուսանցքից դուրս, իհարկե, այստեղ հիմնականում դեր է խաղում մարդկային գործոնը: Եվ որպես կանոն` դա լինում է մարդկային կյանքի արշալույսին ու մայրամուտին։ Սա է մանկատների, ծերանոցների ստեղծման հիմնապատճառներից մեկը: Եվ թերևս մարդկության համար աշխարհի երեսին գոյություն ունեցող ամենատխուր վայրերը հենց այդ մանկատներն ու ծերանոցներն են` երկրային կեցության արշալույսին և վերջնագծին հասած մարդ արարածի լքվածության անփառունակ խարանը կրող օթևանները: Առաջինի «բնակիչները», իրենց կյանքի վիճակին անգիտակ, հրաշքով կարող են նորափթիթ կյանքի արշալույսին ինչ-ինչ հետաքրքրություններ գտնել, ապրել իրենց բաժին հաջողություններով, ուրախություններով: Մինչդեռ կյանքի մայրամուտին հասած տարեցները, հաճախ մտքի սթափությունը, մարմնի տոկունությունը կորցրած լինելով, վաղվա օրվա նկատմամբ անտարբեր, ապրած-չապրած տարիների բեռը ուսերին, անորոշ սպասումով մթնեցնում են իրենց բաժին մնացած օրերը։ Տխուր, ողբերգական իրողություն, որ գալիս է կյանքի ունայնությունից: Հավերժական մի թեմա, որ բազմիցս արծարծվել է գրականության մեջ, թատրոնում, կինոյում:
Բայց նույն այդ աշխարհի երեսին վաղուց կան, գործում են յուրատեսակ օթևաններ, տներ, որոնք ոչ թե մարդ արարածի լքվածության անփառունակ խարան կրող օթևաններ են, ոչ թե տարեց մարդիկ այնտեղ հայտնվում են այլ տարբերակ չունենալով` խորակսկիծ ցավն ու վիրավորանքը սրտում, այլ հենց իրենք են իրենց կամքով, ցանկությամբ գալիս այստեղ` կյանքը առավել հետաքրքիր, խաղաղ, հանգիստ անցկացնելու համար, գուցեև` չապրած տարիները ապրելու: Այստեղ տարեցը այլևս մենակ չէ, իր սերնդակիցների հետ է. զրույցն ու հիշողությունը այլևս տխուր չեն, հասկանում են միմյանց: Տարեցը գիտակցում է, որ ընտանեկան ջերմությանը ոչ մի բան չի կարող փոխարինել, զավակի, թոռնիկի ժպիտի քաղցրությունն ուրիշ է, բայց և ողջախոհ է, սթափ է մոտենում` ճիշտ և հստակ բանաձևելով` (այլընտրանք չկա, գուցե և սա է հարահոս կյանքի բնական շարունակությունը: Իսկ օթևաններում էլ փորձում են ամեն ինչ անել, որ տարեցների մնացյալ կյանքը մայրամուտի նման ոսկերանգ շողեր ունենա:
Մեզանում ևս արդեն զգացվում է նմանօրինակ օթևանների, տների պահանջ, միայն մենք դեռ չենք ուզում գիտակցել և խոստովանել. դա հարիր չէ, օտար ու խորթ է հայի հոգեկերտվածքին: Բայց...
Մարդկությունն այսօր վկա է գիտության ու տեխնիկայի աննախընթաց զարգացման, շատ ավանդական հարաբերություններ հիմնիվեր փոխվում են: Առաջընթացը, շատ դեպքերում բարենպաստ հնարավորություններ ընձեռելով մարդուն, երբեմն նրան օտարում է բարոյականության, ավանդապահության սկզբունքներից, հեռացնում հոգևոր ոլորտից, դեպի մերձավորն ունեցած սիրուց, հավատից: Զարգացման այս ճանապարհին տուժում են նաև ազգային սրբությունները, համամարդկային ճշմարտություններ, բարոյական չափանիշներ` մարդու առաջ դնելով երբեմն անլուծելի թվացող խնդիրներ: Բայց հաղթահարելով հոգեկան ու մտավոր այլազան հակումները` մարդը շարունակում է ապրել` փորձելով քայլել հարափոխ ժամանակներին համընթաց, ընդունել մարդկային հարաբերությունների նոր ձևաչափերը` համարելով դրանք օրինաչափ ու բնական, այսինքն` փոխել մտածողությունը և կենսակերպը: Կյանքի հարահոս անընդհատ գետը բերում-հասցնում է մի կետի, ուր մարդկային բազմաբնույթ հարաբերությունները, օրվա խելակորույս վազքը մարդուն հեռացնում են հարազատներից, կենդանի շփումն ու հաղորդակցումը դառնում են ոչ հաճախ, կամ էլ, լավագույն դեպքում, միմյանց որպիսություն են հարցնում հեռախոսով, համացանցով: Բացի այդ, կան նաև պատճառներ, իրադրություններ, հանգամանքներ, որ զուտ անհատական են, անձնական բնույթ ունեն: Հենց սա էլ այն հիմքն է, որ մղում է իրավիճակից դուրս գալու ելքեր փնտրելու, զգալ տալիս այլընտրանքային տարբերակների անհրաժեշտությունը` կրկին ու կրկին հստակ գիտակցելով, որ ոչ մի բան չի կարող փոխարինել ընտանիքին: Յուրօրինակ օջախում տարեցները կանցկացնեն իրենց մնացյալ կյանքը. անհրաժեշտությունը կա, թեև մենք այդ չենք ուզում խոստովանել` անկախ սոցիալական վիճակից: Ինչ ունենք:
Կյանքի մայրամուտը (70-ից սկսած) ապրող մարդը թերևս մեր հասարակության ամենազգայուն, ամենախոցելի ու ամենաչպաշտպանված խավն է: Դրանում կհամոզվենք, եթե մեկ անգամ ևս նայենք մեր շուրջը։ Հասարակության արատները, անկախ մեր կամքից, արտահայտվում, արտացոլվում են նաև ընտանիքում, փոխվում են արժեքները, աղավաղվում մտածելակերպը, ի հայտ է գալիս ազատության այլաձև ընկալում, միաբան ու միասնական լինելու տեսլականն անգամ արդեն երազ է: Այսպես, անկախ սոցիալական աստիճանից, ընտանիքում կամաց-կամաց «չնկատվող» է դառնում տան մեծը: Եվ դա մեր օրերում ունի, ցավոք, իր «բացատրությունը», կան և՛ սուբյեկտիվ, և՛ օբյեկտիվ պատճառներ։ Այսպես, բազմանդամ ընտանիքի օրինակով` հայրը և մայրը աշխատում են, զավակները սովորում կամ աշխատում, այսինքն` տնից դուրս են գալիս առավոտից և, բնականաբար, ուշ վերադառնում. աշխատանքից հետո` խանութ, սրճարան, ընկերներ: Վերադառնում են ուշ, կարճ երկվայրկյան «նկատում»` մեկ-երկու բառ փոխանակում և ապա` համակարգիչ, հեռուստացույց կամ մեկ ուրիշ զբաղմունք: Այլ են այսօրվա երեխայի, երիտասարդի մտածողությունն ու ցանկությունը, նա արդեն ազատ է իր ընտրության մեջ, նրան այլևս հետաքրքիր չեն մեծերի զրույցները, տատիկների, պապիկների հետ «գլուխ չունեն», լավագույն դեպքում մեկ անգամ կզբաղվեն թղթախաղով, նարդիով, իսկ նրանց պատմություն-հիշողությունները (ո՜վ է լսում), խոստովանենք, նստում-լսում են բացակա հայացքով և անկապ գլխով անում: Տատիկ-պապիկները դա նկատում են և... Քաղցր հիշողություն է արդեն այսօր միասին ճաշի, էլ չեմ ասում իրիկնահացի նստելը (լսում եմ Համո Սահյանի մրմունջը. «Ժամն է արդեն իրիկնահացի, տխրությունս կամաց-կամաց փոխվում է լացի», և Թումանյանի ծերուկի հառաչանքը «Մեր հին ադաթից զրկվել ենք, ընկել, Նորն էլ չգիտենք, թե ինչ է եկել»): Տխուր է, բայց արդեն իրողություն. և կրկին կա «արդարացում», «բացատրություն»` նախ այդ ժամին բոլորը տանը չեն, ում երբ հարմար է, ոնց պատահի, իսկ երիտասարդները հիմնականում դրսում են սնվում: Օրվա այս ռեժիմը նույնն է` անկախ սոցիալական վիճակից: Ինչ անի, ինչով լցնի ամբողջ կյանքը ապրած, վաստակած մարդը, ինչո՞վ զբաղվի (նկատենք` չկա համապատասխան աշխատանք կամ զբաղմունք, ում հետ կիսվի):
Կամ մեկ այլ տարբերակ. հարազատները` որդին, աղջիկը, արտասահմանում են ապրում, աշխատում, բացակայում են որոշ ժամանակով, տանը ծերուկները մենակ են, առավել դժվար է, երբ միայնակ տատիկ կամ պապիկ է տանը բնակվում: Դրսից ուղարկվում է գումար, բայց դա, անշուշտ, հեռու է բավարար լինելուց:
Առավել բարդանում է, երբ տարեցը հիվանդ է. խնամել, հոգ տանել, ժամանակին դեղերը, սնունդը հրամցնել, խոսել հետը, զբոսնել: Տանը բոլորը զբաղված են, կամ էլ չեն կարող ֆիզիկապես: Իսկ միայնակ տարեցը (հարազատները արտերկրում են) անելանելի վիճակում է, հույսը գթասիրտ հարևանն է:
Էականն այն չէ, թե ինչ կենսական ազդակներից է ծագում իրավիճակը՝ մենակությունը, այլ այն, թե հոգեբանական ինչ իսկություններ է հաստատում: Մենակության զգացողությունը և որպես կենսակերպ, և որպես կենսափիլիսոփայություն (ամբոխի մեջ, անգամ ընտանիքում մարդը մենակ է), և որպես պարզապես պարտադրված իրողություն, տարբեր մարդկանց մեջ տարբեր դրսևորումներ են ունենում: Հաճախ այն դիտվում է որպես անկախություն, ինքնաբավականություն: «Միայնակությունը մտածողի պահանջմունքն է, շփվելը` սրտի պահանջմունք» (Լ. Ֆոյերբախ): Բայց կյանքի մայրամուտն ապրող մարդու համար հազիվ թե մենակությունը ինքնաբավականություն կամ ցանկալի կենսակերպ է, հիմա, առավել քան երբևէ, նա սիրո, ջերմության ու հոգատարության կարիք ունի, նա ուզում է շփվել, հաղորդակցվել, նրա համար մենակությունը, ավելորդ լինելու զգացողությունը, չհասկացված լինելը մահից առավել են: Խոր է հոգեկան ցավը, զգացմունքային սառը և տաք պատերազմներ, մենակ ու չհասկացված («Հբը, կյանքս ընչի անցավ», Մկրտիչ Արմեն, «Հեղնար աղբյուր») հոգու խռովք, հուսախաբությունն ու հիասթափությունը, միախառնված բերում հասցնում են ընդվզման ու պոռթկումի կամ էլ խոր ընկճախտը նրան մղում է հուսահատ քայլի` ինքնասպանության:
Նման և առավել ծանր իրավիճակները կանխելու, բացառելու թերևս ճիշտ տարբերակը տարեցների համար հատուկ օթևաններ ունենալն է. օթևան, ուր մեկ մեծ յուրօրինակ ընտանիքի նման կապրեն տարեցները, կապրեն իրենց սերնդակիցների հետ հանգիստ, խաղաղ, (ճիշտ կազմակերպված) հետաքրքիր օրակարգով: Դա կլինի ոչ թե տխուր ու ցավագին (ինչպես այսօրվա ծերանոցներում է) մի օթևան, այլ մի այնպիսի, ուր ծերությունը կոսկևորվի: Այդտեղ գնալ արդեն ամոթալի, ծանր ապտակ չէր լինի ո՛չ ծնողի, ո՛չ էլ զավակի համար: Միանգամից հարցերի հեղեղ` ո՞վ կտանի իր հորը կամ մորը, ո՞վ կհամաձայնվի, խայտառա՞կ ենք, ինչ կասեն մարդիկ... (Կրկին նկատենք, որ խոսքը բացառիկ իրավիճակների մասին է)։ Այո, առաջին հայացքից (անգամ այդ բացառիկ դեպքերում) սա մեր հայկական հոգեկերտվածքին խորթ է, օտար, մեզ համար դժվար, անըմբռնելի և անընկալելի է: Բայց հապա մեր շուրջը նայենք` ինչքան մեզ համար անընկալելի երևույթներ, գործառույթներ կան, որ այսօր արդեն սովորական են դարձել, այսպես` կարող էր խորհրդային տանտիկինը մաքրուհի կամ երեխաների համար խնամող, դաստիարակ ունենալ (ո՞վ իր երեխային, բարուրից սկսած, կվստահեր օտար կնոջ, ես նման բան չեմ հիշում), գուցե, ինչպես ասում են, ընդհատակյա եղել է, բայց այսօր համատարած է:
Այս և էլի շատ բաներ (թվարկելն անիմաստ է) գումարելով արդյունքում ստանում ենք խոստովանություն, որ մեզանում ևս (ինչպես քաղաքակիրթ շատ երկրներում) զգացվում է յուրատեսակ օջախի, օթևանի կարիք, անհրաժեշտություն: «Օթևան ծերաց» կամ «Ծերատուն» (մեր այսօրվա մոդայիկ ու ցանկալի բառով` էլիտար օթևան), ուր մեր տարեցները, այլընտրանք չունենալով, իրենց ցանկությամբ մնացյալ կյանքը կամ մի որոշ շրջան կկարողանան անցկացնել այդ օթևանում (վճարելով և համապատասխան պայմանագիր կնքելով):
«Լավ չէ, որ մարդը միայնակ լինի», կրկին հիշեցի աստվածաշնչյան տողերը, լավ չէ, որ կյանքի մայրամուտն ապրող մարդն է միայնակ, իսկ այդ յուրօրինակ ընտանիքում նա այլևս մենակ չէ և այդտեղ էլ կմթնեցնի իրեն բաժին մնացած օրերը:
Գայանե ԱԹԱՆԵՍՅԱՆ
Բանասիրական գիտությունների թեկնածու